«Անասնաֆերմա» ներկայացումը նախազգուշացում է` անտարբերության չմատնել ագահությունն ու դաժանությունը

http://mamul.am/am/news/106878/

Անտարբերության մի՛ մատնեք կատարվող ագահությունն ու դաժանությունը, քանի դեռ ուշ չէ. այլաբանական, քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի` «Անասնաֆերմա» ներկայացումը մեծ նախազգուշացում է բոլորին: Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն վերջին շրջանում ամենաընթերցված գրքերից է: Բեմադրության հեղինակ Սարգիս Արզումանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեև չափազանց պատասխանատու է նման գործի ընտրությունը, բայց այն որպես ռեժիսոր ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս:
«Գործն ընտրեցի նրա համար, քանի որ շատ արդիական է, բացի այդ ևʹ դերասանական, ևʹ ռեժիսորոական առումով շատ մեծ աշխատանք կարելի էր տանել: Կերպարների առումով հետաքրքիր ձևեր ու լուծումներ կարելի էր գտնել: Մենք հայտնի գործի 3-րդ տարբերակն ենք մշակել»,- նշեց երիտասարդ ռեժիսորն ու հավելեց, որ ցանկացած գործ բեմադրելիս միշտ էլ շեղումներ լինում են:
«Դրանով է հետաքրքիր բեմադրությունը: Ինձ համար՝ որպես երիտասարդ ռեժիսոր, նման մասշտաբային գործ բեմադրելու առաջին փորձն է: Ներկայացման մեջ 20 դերասան է զբաղված, հիմնականում «Գոյ» թատրոնի դերասաններն են`Տրդատ Մակարյան, Սարգիս Չոլայան, Աշոտ Տեր-Մաթևոսյան, Կարեն Գալստյան և այլոք: Կան նաև այլ թատրոնից հրավիրված դերասաններ»: Բեմադրիչի խոսքով` փորձերը բուռն ընթացքի մեջ են, ստեղծագործական խումբը վերջին մանրուքներն է փորձում շտկել:
Խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը բեմադրության մեջ բեմադրություն է իրականացրել` օգտագործելով պլաստիկ գործողություններ:Ներկայացման մեջ մյուզիքլի փոքրիկ էլեմենտներ կան: Բեմադրիչի խոսքով` ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, հեղինակներն Արման Սահակյանն ու Սերգո Սարգսյանն են:
«Հայաստանում այս գործն առաջին անգամ է բեմադրվում»,- նշեց ռեժիսորը: «Քանի որ մենք փորձարարական թատրոն ենք, առաջին փորձն ու պատասխանատվությունը վերցրեցինք մեզ վրա: Կարծում եմ՝ ներկայացումը կհաջողվի: Իմ կողմից վստահված մասնագետներ փորձերի ընթացքին հետևել են, լավ խորհուրդներ են տվել, որն էլ մեզ ոգևորել է»,- եզրափակեց Սարգիս Արզումանյանը:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին` «Գոյ» թատրոնում: